Թեմա - Էքզիստենցիալիզմ

Էքզիստենցիալիզմն աշխարհին նայում է մարդու գոյի տեսանկյունից, սուբյեկտիվիզմի դիքերից: Նրա հետաքրքրությունների շրջանակը մարդն է` իր վախերի, տագնապների, սարսափների, հույսերի ողջ համակարգով: «Էքզիստենցիալ» տերմինը հաճախ մեկնաբանվում է որպես «ճգնաժամային», և էքզիստենցիալիստական տեսանկյունից ճանաչել մեկին, նշանակում է զգալ նրա ճգնաժամը: Էքզիստենցիալիստների ժամանակը իրական ներկան է: Մարդը կենտրոնանալով ներկայի առավել ճգնաժամային պահերի վրա, ստիպված է լինում ընդունել ընտրության կարևորությունը. ներկան ճգնաժամային չէ, քանի դեռ նա չի բախվել ընտրության բազմազանությանը: Նա ստիպված է անընդհատ ճակատագրական ընտրություններ կատարել, առանց լիարժեք պատկերացնելու դրա հետևանքները: Կենտրոնանալով ճգնաժամային ներկայի վրա` էքզիստենցիալ փիլիսոփաները ձգտում են իրենց ուշադրությունը բևեռել անցողիկության տակ թաքնված կայուն հիմքին: Այդ կայուն հիմքը ձևավորվում է, էքզիստենցաիլզմի մեջ է, Գոյության միջոցով: Արևմտյան մտածողութան ձեջ գոյությունը հակադրվում էությանը, իսկ Ժան Պոլ Սարտրը պնդում է, որ «գոյությունը նախորդում է էությանը», որ միայն հաստատելով մեր գոյությունը` մենք ինչ-որ էություն ենք ձեռք բերում: Սա տրամաբանական կապի մեջ է գիտակցված ընտրության նշանակալի դերի մասին Սարտրի հետևյալ մտքի հետ. «Մենք այնպիսին ենք, ինչպիսին մեզ ընտրում ենք»: Ռ. Մէյի դիրքորոշումը այնքան ծայրահեղ չէ, ինչպես Սարտրի մոտ: «Էությունները», ըստ նրա, ընկած են տրամաբանական կառույցների հիմքում և հանդիսանում են իրականության այն ասպեկտները, որոնք կոչված չեն անհատական որոշումից կամ ցանկությունից: Էքզիստենցիալ հոգեթերապիայի յուրաքանչյուր պահ ակնառու կերպով հաստատում է, որ միայն այն ճշմարտությունը, որը ծնված է հենց կյանքի կողմից և ավելին է, քան վերացական միտքը, այն ճշմարտությունը, որ «ստիպում է սրտին բաբախել», միայն այն ճշմարտությունը, որն իրապես ապրվում է կենցաղի բոլոր մակարդակներում` ներառելով և այն, ինչ ընդունված է ենթագիտակցական և անգիտակցական անվանել, այն ճշմարտությունը, որը երբեք չի բացառում գիտակցական ընտրության և պատախանատվության հնարավորությունը, միայն այսպիսի ճշմարտությունը կարող է ստիպել մարդուն փոփոխվել:
Էքզիստենցիալիստական համակարգում գործադրվում է մի օրենք, ըստ որի. «Որքան ավելի հստակ և բազմակողմանի է թերապևտը բնորոշում որևէ մեխանիզմ, այնքան ավելի մեծ է ռեալ գոյություն ունեցող անձնավորությանը կորցնելու վտանգը, ինչքան ավելի կատարյալ և ամողջական է նա նկարագրում ուժերը կամ ազդակները, այնքան ավելի շատ է հեռանում դեպի վերացարկումների և անգոյության ոլորտները, ուր տեղ չկա կենդանի մարդկային գոյութան համար»: Մարդկային անհատը միշտ էլ դուրս է գալիս ցանկացած մեխանիզմի սահմաններից: Հարցը նրանում է, թե պետք է դիտարկել «մարդուն մեխանիզմի համակարգում», թե՞ «մեխանիզմը անձնավորության համակարգում»: Էքզիստենցիալ մոտեցումը պնդում է վերջինը և ենթադրում, որ առաջինը կարող է երկրորդի բաղկացուցիչ մաս լինել:
Հենց էկզիստենցիալիզմն էլ փորձում է ցույց տալ ազատ գործողությունների բացարձակ բնույթի, հենց որոնց օգնությամբ էլ ցանկացած մարդ իրացնում է ինքնիրեն` միաժամանակ իրացնելով մարդկության մի ինչ-որ որոշակի տիպ, եւ հարաբերական մշակույթի միջեւ գոյություն ունեցող կապը, որը կարող է ազատ ընտրության արդյունք լինել:
Այսպիսով կարող ենք ասել, որ էքզիստենցիալիզմը մարդու հանդեպ վերաբերմունքի յուրահատուկ փիլիսոփայություն է, հոգեբանություն և աշխարհայացք: Այն դիտակում է մարդունն ոչ թե որպես ինչ-որ տեսությունների կրողներ, այլ փորձում է մտնել նրա աշխարհի մեջ և տեսնել այն իր իսկ աչքերով: Այն հումանիստական հոգեբանության ուղղություններից մեկն է հանդիսանում և ուշադրությունը կենտրոնացնում է մի շարք հարցերի վրա: Դրանք են կյանքի և մահվան, սիրո և պատասխանատվության իմաստների, ազատության, ընտրության և կամքի հիմնախնդիրները: Սա յուրահատուկ մոտեցում է հոգեթերապիայի նկատմամբ, որը կարևորում է այցելուի խորը հասկացումն ու նրա արժեքների վերապրումը: Այն ժամանակակից հոգեբանության համար փիլիսոփայական հիմքեր է ստեղծում, որոնք ներկայումս շատ անհրաժեշտ են: Նա առանձնացնում է մարդկայն կարևորագույն առանձնահատկությունները, որոնք ձևավորում են նրան որպես անձնավորություն: