Առարկա - Անվճար աշխատանքներ
2.Политическая энциклопедиа. Под ред. Г.Ю. Семигина. Т. 2. 1999.с 331-332
«Սառը պատերազմի» ավարտը և դրա հետ կապված փոփոխությունները պայմանավորեցին միջազգային հարաբերությունների տարածաշրջանային ենթահամակարգերի տեղի և դերի բարձրացումը համաշխարհային քաղաքականության մեջ: Նման պայմաններում առաջնահերթ խնդիր է դառնում ամբողջական տարածաշրջանների գործնական անվտանգության իրագործումը և տեսական հիմնավորումը: Այս խնդրի հստակեցման համար նախևառաջ անհրաժեշտ է վերհանել տարածաշաշրջանայնացման էությունն ու առանձնահատկությունները, հստակեցնել դրա առնչությունները փոխկապակցված մյուս երևույթների` տարածաշրջանայնության (ռեգիոնալիզմ) և տարածաշրջանային ինտերգրման հետ: Մարդկային գործունեության ցանկացած ոլորտում, այնպես էլ գիտության մեջ, բարդ և բազմաբովանդակ երևույթների էությունը հասկանալու համար ամենաարդյունավետ միջոցը բաղդատումն է, անցումը բարդից`պարզի: Նման տրամաբանության շրջանակներում տարածաշրջանագիտության առարկայական ոլորտի բովանդակային բնորոշումը նախ և առաջ կախված է «տարածաշրջան» հասկացության մեթոդաբանական սահմանումից:
Առաջին հայացքից պարզ թվացող «տարածաշրջան» հասկացությունը, ըստ էության, բարդ ու բազմանշանակ է: Գիտնականների մեծամասնությունը գտնում է, որ բավականին դժվար է տալ «Տարածաշրջան» հասկացության որևէ կոնկրետ սահմանում: Բազմաթիվ գիտնականներ համոզված են, որ այս հասկացության բնորոշումը կախված է այն յուրահատկություններից, որոնց շուրջ մասնագիտանում են տարբեր գիտություններ, գիտաճյուղեր, առանձին գիտնականներ և այլն: Այդ իսկ պատճառով գիտության մեջ ընդունված է, որ տարածաշրջանի և նրա ներսում տեղի ունեցող գործընթացների միասնական սահմանում, բնորոշում գոյություն չունի: Քաղաքական բառարանում «տարածաշրջան» հասկացությունը հայտնվել է համեմատաբար վերջերս: Դրան նախորդում էր «Գավառ» հասկացությունը, որպես տարածքային միավորների հավաքական անուն : Գիտական գրականության մեջ գոյություն ունեն նաև այս հասկացության սահմանման, մեկնաբանման աշխարհագրական, տնտեսական և այլ ընկալումներ:
Համընդհանուր ճանաչում ունի «Տարածաշրջան» հասկացության հետևյալ սահմանումը. Տարածաշրջանը (լատ.regio-շրջան) պետության կամ պետությունների որոշակի տարածք է` քիչ թե շատ միատարր բնական պայմաններով և արտադրական ուժերի զարգացվածության հատկանշական ուղվածությամբ, որը հիմնված է համապատասխանորեն ձևավորված նյութա-տեխնիկական, արդյունաբերական և սոցիալական կառույցների, ինստիտուտների հետ բնական ռեսուրսների համադրման վրա, ինչպես նաև սոցիալ-քաղաքական պայմանների յուրահատկությամբ : Այսպիսի բնութագրումը ենթադրում է. որպեսզի պետությունների համախումբը համարվի և դիտվի տարածաշրջան, անհրաժեշտ հետևյալ չափանիշների առկայությունը.
•Պատմական ճակատագրերի ընդհանրություն
•պետությունների միայն այդ համախմբին բնորոշ մշակույթային յուրօրինակություն (նյութական և հոգևոր)
•տարածքի աշխարհագրական միատարրություն
•տնտեսության համանման տիպ
•տարածաշրջանային միջազգային կազմակերպություններում ընդհանուր գործունեություն:
Տարածաշրջանի հետազոտության իրականցման ճշգրտության ապահովման տեսանկյունից, նախ և առաջ, հարկ է հստակեցնել ուսումնասիրության ուղղվածությունը: Տարածաշրջանի կարևորագույն բնութագրիչներից մեկը ինքնապարփակությունն է, որը աշխարհագրական իմաստով նշանակում է, որ երկրագնդի այս կամ այն աշխարհամասի որևիցե հատվածը առանձնացված է մյուսներից աշխարհագրորեն (ծովերով, լճերով, լեռնաշղթաներով և այլն) և երկրաբանորեն (ռեսուրսների ընդհանրությունով, տարածաշրջանի կազմավորման երկրաբանական տարիքով և այլն): Քաղաքական իմաստով տարածաշրջանի սահմանները ոչ թե լեռները, գետերը կամ ծովերն են, այլ կոնկրետ այդ տարածքում գտնվող պետությունների քաղաքական սահմանները: Քաղաքագիտական հետազոտությունների մեջ անհրաժեշտ է առաջնորդվել «քաղաքական տարածաշրջանի» կամ «քվազիտարածաշրջանի» հայեցակարգով, որն ավելի ընդգրկուն է, քան աշխարհագրական տարածաշրջանը և որին բնորոշ է նաև դինամիկ փոփոխվելու կարողությունը, այսինքն` «քվազիտարածաշրջանի» կարևոր հատկանիշներից մեկն էլ այն է, որ այն կարող է փոփոխել իր սահմանները պատմական համեմատաբար կարճ ժամանակամիջոցի ընթացքում: