Տեսակ - Ռեֆերատ
Գին - 600 դրամ
Առարկա - Սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք
Էջեր - 3
Մարդիկ սկսել են օգնել մեկմեկու դեռ հին ժամանակներից: Մյուսին աջակցելու զգացմունքը մարդու բնության մեջ է: Նույնիսկ համաշխարհային կրոններն են սովորեցնում օգնել մեկմեկու և գնահատում են փոխօգնությունը:
Օգնել նշանակում է աջակցել զգացմունքային, նյութական և սոցիալական մակարդակում: Ժամանակի ընթացքում հայտնվել են մարդկանց խմբեր, որոնք օգնության կարիք ավելի շատ ունեն, քան մյուսները: Մարդը կարող է նման խմբում հայտնվել ծննդյան օրից կամ դրանում հայտնվել հանկարծակի: Մարդկության և մարդասիրության զարգացման հետ մեկտեղ տիրապետող դարձան այն գաղափարները, թե ում կարելի է օգնել և ինչ չափով: Այսպես, մի ժամանակ Անգլիայում աղքատությունը համարվում էր հանցագործություն և որպես պատիժ աղքատներին ուղարկում էին աշխատանքային տուն: Այսօր դա մի երևույթ է, որի դեմ կարելի է պայքարել և հասնել հաջողության: Շատ երկրներ աղքատության դեմ պայքարի հատուկ ծրագրեր ունեն:
Սոցիալական աշխատանքը ավանդաբար համարվում է կանացի աշխատանք և շարունակում է մնալ որպես ոչ այդքան բարձր վարձատրվող: Պատանեկության հասակում մասնագիտական ընտրություն կատարելը հեշտ չէ: Քչերն են ցանկանում սոցիալական աշխատող դառնալ: Հաճախ մարդիկ գնահատում են ապագա աշխատանքի բարձր գինը:
Սոցիալական աշխատողն իր աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպում է թմրամոլների, մարդասպանների, միայնակ տարեցների, հաշմանդամ երեխաների, հանցագործների: Եթե փորձենք ամփոփել, ապա սոցիալական աշխատողը գործ ունի թշվառ մարդկանց հետ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հայտնվել են անելանելի դրության մեջ:
Հարց է ծագում, թե ինչպես կարող է երջանիկ լինել մեկը, ով ամեն օր հանդիպում են տարատեսակ թշվառությունների, ով միշտ տեսնում է տառապած դեմքեր, լսում սարսափելի պատմություններ: Չէ որ հոգեբանական տեսանկյունից այդ բոլորն ազդում են մարդու տրամադրության վրա, չէ որ հաճախ մեր հոգսերն էլ շատ են մեր համար, էլ ուր մնաց ուրիշներինը:
Բայց եթե հարցին նայենք այլ տեսանկյունից, եթե մի պահ մի կողմ դնենք այն ամենը ինչ տեսնում և լսում ենք ամեն օր և հիշենք այն երջանկ դեմքերը, ովքեր մեր օգնությամբ հասել են հաջողությունների, փոխել են իրենց և իրենց հարազատների կյանքը, ովքեր հաճախ մեզ շնորհակալություն են հայտնում մեր խորհուրդների, մեր խոսքերի և պարզապես իրենց լսելու համար, ապա կհասկանանք, որ սոցիալական աշխատանքն ունի նաև իր դրական կողմերը:
Չի կարելի սոցիալական աշխատանքը պատել մութ շղարշով և դրանում միայն վատը տեսնել, չէ որ ժպտացող փոքրիկ երեխան, կրկին քայլող հաշմանդամը, սոցիում վերադարձած նախկին դատապարտյալը, ընտանիք վերադարձած մանկատան փոքրիկը իրենց երախտագետ հայացքներով վկայում են այն մասին, որ կատարված աշխատանքը անգնահատելի է: