Տեսակ - Ռեֆերատ
Գին - 800 դրամ
Առարկա - Հոգեբանություն
Էջեր - 4
Երբեմն տուժածի անձի և վարքի օբյեկտիվ և համապատասխան գնահատականը հնարավորություն է տալիս` բացատրել այս կամ այն հանցավոր գործողությունը: Հանցագործությունների մեծ մասը ուսումնասիրության ժամանակ մենք գործ ունենք անհայտ օրինախախտի և հայտնի տուժողի հետ: Սակայն անգամ այդպիսի իմացությունը (զոհի և իրավիճակի իմացությունը) մեզ ոչ քիչ տվյալներ է տալիս հանցագործության կատարման մեխանիզմի ըմբռնման, հանցագործության կանխարգելման իրականացման, հնարավոր զոհերի, հնարավոր սպառնալից իրավիճակների և այնպիսի գործոնների հայտնաբերման համար, որոնք նպաստում են հանցագործի և զոհի միջև վտանգավոր փոխոհարաբերությունների զարգացմանը:
«Անձ - իրավիճակ» համակարգում տուժողը պետք է դիտարկվի որպես իրավիճակի պարտադիր տարրերից մեկը, այսինքն` որպես հանցավոր ոտնձգության առարկա: Տուժողի գործողությունները, ինչպես հակաօրինական, այնպես էլ` անզգույշ գործողությունները, դասվում են հանցավոր արդյունքի ստացմանը նպաստող հանգամանքների թվին: Իրավիճակի այլ հանգամանքների հետ միասին տուժողը, փոխազդելով հանցագործի հետ, նպաստում է նրա մոտ հանցագործություն կատարելու կամային ակտի մշակմանը:
Ինչպես և ապագա հանցագործը, ապագա զոհը նույնպես գնահատում է ստեղծված կոնկրետ կենսական իրավիճակը և հաճախ գործում է` կախված գնահատականի արդյունքներից, ինչպես նաև` իր հայացքներին և հակումներին, հոգեբանական և այլ հնարավորություններին համապատասխան կերպով: Նա փոխազդում է ոչ միայն ապագա հանցագործի, այլ նաև իրավիճակի այլ տարրերի հետ:
Նախահանցանքային իրավիճակում, որում ապագա հանցագործը «բախվում է» ապագա զոհին, ստեղծվում է յուրօրինակ «հանցագործ - տուժող» համակարգ, որը հանդիսանում է առավել խոշոր համակարգի` «հանցագործ - իրավիճակ» ենթահամակարգը: Զոհը իրավիճակի տարրն է: Ենթահամակարգի կողմերը փոխազդում են միմյանց հետ, ինչի հետ կապված` այդպիսի իրավիճակներից ծագած հանցագործությունները կարելի է պայմանականորեն անվանել «հարաբերությունների հանցագործություններ»: Հենց այդ տիպի հանցագործությունների կատարումից առաջ և կատարման ժամանակ յուրաքանչյուր մասնակցի կողմից տեղի է ունենում «հակառակ» կողմի մասին սեփական պատկերացումների մշակումը:
Շատ դեպքերում զոհը նախահանցանքային իրավիճակում և հանցավոր գործողությունների իրականացման ընթացքում հանդես է գալիս որպես ակտիվ տարր: Երբեմն միայն պատահականությունն է որոշում, թե ով է լինելու հանցագործը, և ով` տուժողը, հնարավոր է հանցագործի և զոհի համատեղում նույն անձի մեջ, միևնույն անձը միևնույն դրվագում կարող է հաջորդաբար լինել և՛ հանցագործ, և՛ զոհ: Այդպես լինում է երկկողմանի ծեծկռտուքի կամ մրցակցող հանցավոր միավորումների միջև հաշիվների մաքրման, նրանց անդամների վրեժ լուծելու ժամանակ և այլն: Վերջինը փոքր տարածում չունի մեր ժամանակակից իրողության մեջ, ընդ որում` հաճախ տուժում են միանգամայն կողմնակի անձինք:
Գործելով որպես իրավիճակի ակտիվ տարր` տուժողն իր վարքով կարող է հանցագործին հասցնել ուժեղագույն աֆեկտի, վախի, ատելության, կատաղության վիճակի` ուժեղ հոգեշարժողական արձագանքներով, որոնք անսպասելի, իսկ հաճախ էլ` անցանկալի են հանցագործի համար: Ոչ հազվադեպ դրանով է բացատրվում այն, որ գողը, կողոպտիչը կամ բռնաբարողը վերածվում է մարդասպանի, թեև հանցագործության կատարումից առաջ նա ամենևին էլ մտադրություն չուներ սպանել զոհին: Այլ դեպքերում ապագա զոհը մշտական ստորացումներով և վիրավորանքներով ապագա հանցագործին հասցնում է աֆեկտային վիճակի և դրանով իսկ նրան դրդում է բռնության: